ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

Այսօր Դիլիջանում ԱՍԲԱ հիմնադրամը իր առաջին սոցիալական բնակարանային ծրագրի վայրում պատիվ ուներ հյուրընկալելու Նիդեռլանդների պատվիրակությանը, որի կազմում էին Նիդեռլանդների պառլամենտի ներկայացուցիչները և Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպանը:

ԱՍԲԱ հիմնադրամի գլխավոր տնօրեն Արա Նազինյանը և Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը հյուրերի հետ միասին շրջեցին բնակարանային թաղամասով՝ ցուցադրելով վարձակալության և վաճառքի համար պատրաստ բնակարանները: Այնուհետև նորակառույց դուպլեքս բնակարաններից մեկի հյուրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի ընթացքում պրն. Նազինյանը ներկայացրեց ԱՍԲԱ հիմնադրամի և Դիլիջան բնակարանային ծրագրի պատմությունը, ինչպես նաև ԱՍԲԱ գործունեությունը, մասնավորապես ՄԱՏՐԱ ծրագրի շրջանակներում: Ներկայացման ընթացքում ԱՍԲԱ տնօրենը նշեց հատկապես հոլանդական բնակարանային կազմակերպությունների կարևորագույն դերը հիմնադրամի կայացման և Դիլիջանի բնակարանային ծրագրի իրականացման գործում: Հանդիպման մասնակիցները քննարկեցին ներկայումս Դիլիջանում առկա խնդիրներն ու խոչընդոտները, ներառյալ պոտենցիալ բնակիչների համար մատչելի ֆինանսական ռեսուրսների բացակայությունը և ծրագրի շարունակելիության ապահովման համար անհրաժեշտ ներդրումների պահանջը:

Քննարկումից հետո պատվիրակության անդամները զրուցեցին Դիլիջան բնակարանային համալիրում վարձակալությամբ բնակվող առաջին ընտանիքի հետ՝ բացահայտելու նրանց տպավորությունները առաջին մի քանի ամսվա ընթացքում: Նիդեռլանդների պատվիրակության այցելությունն ավարտվեց ծառատունկի խորհրդանշական արարողությամբ:

Ամփոփելով՝ պատվիրակության ղեկավար պրն. Վան Բոմելը շնորհակալություն հայտնեց այցելության կազմակերպիչներին և նշեց, որ նման հանդիպումը հոլանդական պառլամենտի անդամներին հնարավորություն տվեց իսկապես հասկանալու սոցիալական բնակարանների զարգացման հետ կապված խնդիրները Հայաստանում: Նա նշեց նաև, որ իրենք գրի են առել հանդիպման ընթացքում քննարկված բոլոր հարցերը և կփորձեն անդրադառնալ դրանց դեսպանատան հետ միասին:

Պատվիրակության անդամների կողմից տնկված ծառերը հավերժ կմնան Դիլիջան բնակարանային համալիրում՝ հիշեցնելով այն կարևոր ներդրման մասին, որ կատարել են հոլանդական կառավարությունը և հոլանդացիները՝ աջակցելով սոցիալական և մատչելի բնակարանային ոլորտի զարգացմանը Հայաստանում:

Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ԱՍԲԱ հիմնադրամը կարողացավ կառուցել առաջին մատչելի բնակարանային համալիրը, որն արդեն օթևան է դարձել ցածր եկամուտ ունեցող ընտանիքի համար: Այս ամենը հնարավոր դարձավ ԱՍԲԱ հիմնադրամի և հոլանդական բնակարանային կազմակերպությունների միջև ձևավորված սերտ համագործակցության շնորհիվ:

 

 

 
 
 
© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: