ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

Ս.թ. նոյեմբերի 14-ին ԱՍԲԱ հիմնադրամը Դիլիջանի քաղաքապետարանի և Առաքելություն Հայաստան ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել էր Սիրիայից ժամանած մի խումբ մեր հայրենակիցների այցը Դիլիջան: Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան քաղաքում իրականացվող խոշոր ծրագրերին, ինչպես նաև այցելեցին ԱՍԲԱ հիմնադրամի կողմից իրականացվող Դիլիջան բնակարանային ծրագրի վայր՝ տեղում ծանոթանալու նորակառույց բնակարանների պայմաններին: Ծրագրի վայրում ԱՍԲԱ հիմնադրամի տնօրեն՝ Արա Նազինյանը ներկայացրեց Դիլիջանի բնակարանային ծրագրի առանձնահատկությունները, բնակարանների ձեռք բերման տարբերակները, ինչպես նաև պատասխանեց հյուրերին հուզող բոլոր հարցերին:

Այնուհետեև մեր հայրենակիցները հյուրընկալվեցին Դիլիջանի քաղաքապետարանում, որտեղ նրանք հանդիպեցին Դիլիջանի քաղաքապետ՝ Ա. Սանթրոսյանի, և Դիլիջանի փոխքաղաքապետ՝ Ա. Մակարյանի հետ: Հանդիպման ընթացքում նրանք հյուրերին ներկայացրեցին քաղաքի մշակութային և պատմական արժեքները, զարգացման ներկայիս փուլը և ակնկալվող հեռանկարային ծրագրերը: Քաղաքապետը և փոխքաղաքապետը խոսեցին նաև ներկայումս քաղաքում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների, բիզնեսի ոլորտների մասին և իրենց պատրաստակամությունը հայտնեցին հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու մեր հայրենակիցներին՝ կարճ ժամանակահատվածում աշխատատեղեր գտնելու, ինչպես նաև փոքր բիզնեսներ հիմնելու գործում:
ԱՍԲԱ տնօրենը և Առաքելություն Հայաստան ՀԿ ներկայացուցիչը պատասխանեցին սիրիահայերին հուզող բոլոր հարցերին և պարզաբանումներ տվեցին վարձակալությամբ և սեփականության իրավունքով բնակարաններ ձեռք բերելու պայմանների վերաբերյալ:
Սիրիայի մեր հայրենակիցները շատ հավանեցին Դիլիջան բնակարանային համալիրի կողմից առաջարկվող նորաոճ բնակարանները, իսկ նրանցից շատերը անկեղծ ցանկություն հայտնեցին տեղափոխվելու Դիլիջան՝ համապատասխան աշխատանքի առկայության դեպքում:  
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ԱՍԲԱ հիմնադրամին հետաքրքիր և արդյունավետ այցի, իսկ Դիլիջանի համայնքի ղեկավարությանը՝ ջերմ ընդունելության և աջակցության պատրաստակամության համար: Հանդիպման մասնակիցների կողմից նշվեց նաև ամերիկահայ բարերար Րաֆֆի Արդհալջյանի դերը, ում պատկանում է սիրիահայերին շարունակական գործնական աջակցության, ինչպես նաև այս նախաձեռնության գաղափարը:
Նման այցելությունները և հանդիպումները հետագայում շարունակական բնույթ կկրեն:
 
 
 
© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: